Այսօր մեկնարկեց Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Հանրային քաղաքականության ինստիտուտի համատեղ «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը։ Ծրագիրն անհատներին կօգնի կատարել մասնագիտության ավելի տեղեկացված ընտրություն և ավելի պատրաստված լինել աշխատաշուկա մուտք գործելուն։ Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը մշակվել է ի պատասխան աշխատանքի փոփոխվող բնույթի և աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի միջև առկա շարունակական անհամապատասխանության։ Արդյունքում տնտեսության որոշ ոլորտներ միշտ ունեն որակյալ աշխատուժի կարիք, իսկ մյուսները՝ ավելցուկ։ Ըստ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության 2018թ․ զեկույցի Հայաստանում երիտասարդ աշխատողների միայն մոտ կեսն է զբաղված այնպիսի աշխատանքներում, որոնք համապատասխանում են իրենց կրթական մակարդակին (53.7%): Նրանք, ովքեր կատարում են աշխատանք, որի համար գերկրթված են, կազմում են 33.6%, իսկ թերկրթվածները՝ 12.7%։
Համաձայն նույն զեկույցի Հայաստանում 18-30 տարեկան երիտասարդների 10-ից չորսը համարվում են տնտեսապես ոչ ակտիվ բնակչության մաս։ Չնայած ուսանողների մի մասը ընտրում են պահանջված մասնագիտություններ, նրանք ավարտում են համալսարանը առանց շոշափելի «փափուկ հմտությունների» (soft skills) և չեն կարողանում կրթությունը վերածել աշխատանքի։
«Գրեթե բոլոր պետությունները բախվում են գործազրկության խնդրի հետ և ներկայումս ավելի ու ավելի դժվար է այն ավանդական մոտեցումներով կառավարելը: Հիմնական պատճառն աշխարհում արագ տեղի ունեցող փոփոխություններ են»,- նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրում հատկապես կարևորում եմ արհեստական բանականության միջոցով աշխատաշուկայի միտումների և ապագայի մասնագիտությունների պահանջարկի ուսումնասիրությունը, ինչը կարող է կրթության ոլորտի նոր քաղաքականության մշակման հիմք դառնալ»,- հավելեց նա:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ասաց․ «Հայաստանի ապագա տնտեսական աճի համար շատ կարևոր է ունենալ ոչ միայն հմուտ ու կրթված աշխատուժ, այլ աշխատուժ, որը տիրապետում է կիրառական գիտելիքի և հմտությունների։ Երիտասարդները պետք է ունենան կրթությունից աշխատանքի անցնելու հստակ գծանշված ուղի, որը թե՛ անձնական կյանքում և թե՛ ֆինանսական տեսանկյունից գոհացուցիչ արդյունքների է բերում:
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը նպատակ ունիփաստահենք և մարդակենտրոն քաղաքականությունների օգնությամբ կամրջել կրթություն-աշխատաշուկա անջրպետը, ինչի արդյունքում կստեղծեն աշխատուժի վերաորակավորման և վերապատրաստման հնարավորություններ, կավելանա զբաղվածությունը և կգրանցվի տնտեսական աճ»,- նշեց Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանն իր ելույթի ընթացքում:
Ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ՝
- հայկական աշխատաշուկայի վերլուծություն և տվյալների նորարարություն,
- անգլիացի գործընկերների հետ վարքաբանական փորձարկումների անցկացում, և
- քաղաքականությունների բարելավման համար առաջարկությունների մշակում։
Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ կրթության և աշխատաշուկայի միջև առկա անհապատասխանության վերաբերյալ խորքային քննարկում: Քննարկմանը մասնակցեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը իրականացվում է Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից` Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի հետ համատեղ և ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից։
43 × 428