Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնն իրականացնում է մի շարք նորարարական նախագծեր տարբեր ոլորտներում:
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնն իրականացնում է մի շարք նորարարական նախագծեր:
Ոլորտներ
Մեր նախագծերը
Երևան 2.0. դեպի ավելի ներառական ու կանաչ վերականգնում
Նախագիծը մշակվել է ի պատասխան ԿՈՎԻԴ-19 համաճարակի և նպատակ ունի աջակցել Երևան քաղաքին որդեգրելու ընդհանրական մոտեցում` ճգնաժամի հետևանքներից համակարգային, ներառական ու ավելի կանաչ վերականգման համար: Ծրագրի նպատակն է վերանայել քաղաքի զարգացումն ըստ սոցիալական, տնտեսական ու բնապահպանական չափումներով` կենտրոնանալով տվյալների ու փաստերի վրա: Ծրագիրը կիրականացվի հետևյալ բաղադրիչների օգնությամբ.
1. Քաղաքի մակարդակում թվային պատրաստականության գնահատում
Գործիքի շնորհիվ հնարավոր է հավաքագրել բարձր մակարդակի տեղեկատվություն քաղաքի թվայնացման ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ և մշակել առաջարկություններ քաղաքականություն մշակողների համար: Գործիքը կառավարության, ՔՀԿ-ների և ՄԱԶԾ փորձագետների միջև համագործակցության ու թվայնացման գործընթացում նրանց ներգրավածության բարձրացման առաջին քայլն է:
2. Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների և տվյալների քարտեզագրում, բիզնես գործընթացների վերլուծություն
Այս մեթոդաբանությունն ու գործիքակազմը կենտրոնանում են գոյություն ունեցող բոլոր տվյալները և առկա բիզնես գործընթացները քարտեզագրելու վրա` նոր հնարավորությունների և կապերի ձևավորման, ինչպես նաև, փաստահենք և արդյունավետ որոշումների կայացման հիմք դնելու համար, տվյալների շարունակական սինխրոնացման ու վերլուծության օգնությամբ:
3. Քաղաքի վերականգնման «Դոնաթի տնտեսական» մոդել
Այս մոդելը/գործիքը քաղաքի մակարդակում տրանսֆորմացիոն գործողությունների համար է նախատեսված և առաջարկում է ընդհանրական մոտեցում քաղաքի զարգացման համար` ձգտելով վերականգնել քաղաքը որպես ծաղկուն, վերականգնվող և ներառական միջավայր բոլոր քաղաքացիների համար:
4. Քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների օպտիմալացում, վերամշակում և թվայնացում
Նախատեսվում է անցնել ծառայությունների վերափոխման համար անհրաժեշտ բոլոր քայլերով` կարիքների վերհանումից մինչև օգտատերերի և ծառայության պատասխանատուների հետ լուծումների համատեղ մշակումը: Սա կնպաստի գործընթացի օպտիմալացմանը, քաղաքացիների բավարարվածության բարձր մակարդակին և որոշ ծառայությունների համար ծախսերի կրճատմանը:
Բարև բալիկ
«Բարև, բալիկ» ծրագրի միջոցով նախատեսվում է Հայաստանում արդիականացնել հանրային առողջապահության համակարգը, նորագույն տեխնոլոգիական լուծումների գործադրմամբ բարելավել վերարտադրողական ու մոր եւ մանկան առողջության ոլորտում մատուցվող ծառայությունների եւ տրամադրվող տեղեկատվության որակն ու հասանելիությունը, ինչպես նաեւ խթանել փաստահենք որոշումների կայացման մշակույթը։
«Բարև, բալիկ» ծրագրի շրջանակում այժմ մշակվում է «Բարև, բալիկ» հարթակն ու բջջային հավելվածը։ «Բարև, բալիկ»-ը փաստահենք տեղեկատվությամբ աշխատող հարթակ է, որը համապատասխանեցված է հայկական մշակույթի առանձանահատկություններին ու նախատեսված է բոլոր ծնողների ու ապագա ծնողների համար, ովքեր հղիության և ծնողավարության վերաբերյալ ուղղորդման կարիք ունեն։ Հարթակն ու բջջային հավելվածը ծնողներին հասանելի են դարձնելու գիտականորեն ապացուցված տեղեկատվությունը ու փորձարկելու են պատվաստման թվային ծառայությունը։
Հարթակի/բջջային հավելվածի օգնությամբ հղիները, ապագա ծնողներն ու մինչև 6 տարեկան երեխա ունեցող ծնողները կարող են․
-
Ստանալ նախածննդյան, հետծննդյան և մանկական խնամքի վերաբերյալ տեղեկատվություն
-
Կիրառել գործիքներ, որոնք թույլ են տալիս հետևել հղիների ու նորածինների առողջական կարգավիճակին
-
Ստուգել ֆինանսական աջակցություն ստանալու իրավասությունը
-
Գտնել մոտակայքում գտնվող ծառայությունները (հիվանդանոցներ, կլինիկաներ, լաբորատորիաներ)
-
Թվայնացնել երեխաների պատվաստման վերաբերյալ տվյալները՝ ըստ ՀՀ իմունականխարգելման ազգային ծրագրի
«Բարև, բալիկ» ծրագրի թիմն այժմ աշխատում է տվյալների հավաքագրման և հարթակի/բջջային հավելվածի մշակման վրա։ Հարթակը պատրաստ կլինի 2021թ. նոյեմբերին։
«Բարեւ բալիկ» ծրագիրն իրականացվում է Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից՝ Վիվա-ՄՏՍ-ի և ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ։
Վերափոխելով Հայաստանի ճանապարհային անվտանգությունը տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների կամրջմամբ
Նախագիծը նպատակ ունի աջակցել Հայաստանում ճանապարհային քաղաքականության բարելավմանն ու իրականացմանը` տվյալների նոր ինտեգրված շտեմարան ստեղծելու և քաղաքականությունները փորձարկումների արդյունքների միջոցով մշակելու, ճանապարհային անվտանգության. միջամտությունները կոորդինացնելու, պլանավորելոը և գնահատելու օգնությամբ: Այս կերպ, ծրագիրը նպատակ ունի մինչև 2030թ. կրճատել ճանապարհային մահացությունը 50%-ով:
Տարեկան ավելի քան 300 մարդ է մահանում Հայաստանի ճանապարհներին ավտովթարների պատճառով. մեկ շնչին բաժին հաշվով սա շատ ավելի մեծ թիվ է համեմատած հարևան Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Միաժամանակ, երկրում արագորեն աճող մեքենաների քանակը, ավտովթարների թիվն ու վասվածքներն ու մահացությունները շարունակում են աճել:
Պատճառները շատ են` սկսած մեքենաների վատ որակից ու սպասարկումից մինչև ճանապարհային ենթակառուցվածքը, որն էլ ավելի է սրվում ճանապարհի վրա վարորդների ոչ անվտանգ վարքագծի, հատկապես արագությունը գերազանցելու և ոչ սթափ վիճակում վարելու պատճառով:
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ կառույցների ջանքերին աջակցելու համար և թույլ տալու ճանապարհային երթևեկության և ավտովթարների հետ առնչվող տվյալների արդյունավետ հավաքագրում, սինխրոնացում և վերլուծություն` CADaS-ի (Եվրոպայում ճանապարհային վթարների ընդհանուր շրջանակ) չորս փոփոխականներին համապատասխան:
Արդյունքում, կմշակվի միասնական ապաագրեգացված տվյալների շտեմարան, որը թույլ կտա բացահայտել «սև կետեր»-ը (black spots) և ավտովթարների հիմնարար պատճառները, այդպիսով թույլ տալով մշակել փաստահենք միջոցառումներ կոնկրետ տարածքներում: Այս տվյալներն իրենց հերթին թույլ կտան ավելի թիրախավորված վարքաբանական ու կրթական միջամտություններ իրականացնել:
Այս նախագիծն իրականացվում է SweRoad ընկերության, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճանապարհային ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի և Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ ՀԿ-ի աջակցությամբ:
Ծրագիրը նախատեսված է երկու տարվա համար: Շուտով կկիսվենք նորություններով:
Ամփոփված նախագծեր
Վարքաբանական միջամտություն՝ Հայաստանում կանխարգելիչ բուժզննումներին մասնակցության մակարդակը բարձրացնելու համար
2019 թ. Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնը ՄԱԶԾ Հայաստանի, ՀՀ Առողջապահության նախարարության և վարքաբաններ Արմենակ Անտինյանի (Ժոնգնանի տնտեսագիտության և իրավունքի համալսարան) Լուկա Կորացինիի (Վենետիկի համալսարան) և Մարկո Բերտոնիի հետ համագործակցությամբ մշակեց և իրականացրեց պատահականության սկզբունքով վերահսկվող վարքաբանական փորձարկում։ Փորձարկման նպատակն էր գնահատել արգանդի քաղցկեղի կանխարգելիչ բուժզննման ազգային ծրագրին մասնակցելու հրավերի ազդեցությունը ծրագրի մասնակցության մակարդակի վրա։
Վարքաբանական փորձարկումը նպատակ ուներ կանխել, վաղ ախտորոշել և վերահսկել ոչ վարակիչ հիվանդություններն առողջության առաջնային պահպանման մակարդակում՝ բարձրացնելով արգանդի քաղցկեղի կանխարգելիչ բուժզննումներին 30-60 տարեկան կանանց մասնակցության մակարդակը։ Միջամտությունը իրականացվել է Շիրակի մարզում:
Առաջնային հետազոտության արդյունքում առաջ քաշված հիպոթեզն այն էր, որ կանանց՝ ընտանեկան բժշկի մոտ կամավոր կերպով այցելության չգնալը կախված է ծառայության մասին ունեցած տեղեկատվության պակասից։
ԿԶՆ նորարարական կենտրոնը թիրախային խմբի կանանց ուղարկել է ընտանեկան բիշկների կողմից ստորագրված անհատականացված նամակներ՝ նամակում նշված օրերին հրավիրելով մասնակցել արգանդի քաղցկեղի կանխարգելիչ բուժզննմանը։ Փորձարկման խմբերը ստացել են երեք տարբեր բովանդակությամբ նամակներ (խթաններ կամ այսպես կոչված՝ նաջեր), իսկ արդյունքները համեմատել ենք վերահսկվող խմբի հետ, որը ոչ մի հրավեր չի ստացել։
Փորձարկումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Նորարարական լուծումներ՝ Հայաստանում ԿԶՆ իրականացման համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում։
Հարկային կարգապահության բարելավումը Հայաստանում վարքաբանական միջամտության միջոցով
Վարքաբանական միջամտությունն իրականացվել է 2019թ․՝ մեր կենտրոնի, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, Պետեկամուտների կոմիտեի համատեղ ջանքերով։ Պատահականության սկզբունքով վերահսկվող միջամտության շրջանակում փորձել ենք էլեկտրոնային ծանուցումների միջոցով հարկատուներին խրախուսել կատարել իրենց հարկային պարտավորությունները։ Այս կերպ, նպաստել ենք քաղաքացիների հետ հաղորդակցության բարելավմանն ու մարդկանց մոտ հարկերի հանդեպ ունեցած ընկալումների փոփոխությանը։
Պատահականության սկզբունքով վերահսկվող փորձի օգնությամբ չափել էինք տարբեր վարքաբանական խթանների/նաջերի (մեր դեպքում՝ ծանուցումների) ազդեցությունը Հայաստանում հարկային պարտավորությունները կատարելու վրա։ Մեր միջամտության թիրախում Հայաստանում գործող 28,503 փոքր ու միջին ձեռնարկություններ էին, որոնք իրավասու են շրջանառության հարկ վճարելու։ Փորձարկման միջոցով չափել ենք, թե արդյո՞ք էլեկտրոնային փոստով ուղարկված ծանուցումները կարող են նպաստել այդ ընկերությունների կողմից հարկերի հայտարարագրման աճին։ Նաև ստուգել ենք, թե արդյո՞ք շրջանառության հայտարարագրումը նպաստում է ավելի շատ հարկեր հայտարարագրելուն։
Մենք 5 տարբեր տեսակի ծանուցում ենք ուղարկել և ազդեցության արդյունքները համեմատել ենք ոչ մի ծանուցում չստացած վերահսկվող խմբի արդյունքների հետ։
Փորձարկումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Նորարարական լուծումներ՝ Հայաստանում ԿԶՆ իրականացման համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում։
Տնտեսական խթաններ ու վարքաբանական միջամտություններ՝ ուղղված գնումների ժամանակ պլաստիկ տոպրակների ծավալը կրճատելուն
2020թ․ Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնը միավորեց ջանքերը «Իմ քայլը» հիմնադրամի, Արմենակ Անտինյանի (Ժոնգնանի տնտեսագիտության և իրավունքի համալսարան), Լուկա Կորացինիի (Վենետիկի համալսարան) և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի հետ՝ հասկանալու, թե ի՞նչն է ազդում մարդկանց վարքագծի վրա՝ գնումներ կատարելու ընթացքում պլաստիկ տոպրակների սպառումը կրճատելու համար։
Վարքաբանական միջամտությունը մեկնարկեց 2020թ. հունվարին և շարունակվեց վեց ամիս։ Պատահականության սկզբունքով ընտրված 5809 մասնակիցները բաժանվեցին 7 տարբեր խմբերի՝ վարքագծի վրա 6 խթանների ազդեցությունը ստուգելու համար (7-րդ խումբը չի ստացել ոչ մի խթան/նամակ)։
Վարքաբանական միջամտության արդյունքում պարզվեց, որ վերահսկվող խմբի հետ համեմատած, որը ոչ մի նամակ չի ստացել, թե՛ ֆինանսական բոնուսի մասին նամակը և թե՛ բնապահպանական խթանը մեկանգամյա օգտագործման տոպրակների սպառումը կրճատելուն ուղղված քաղաքականության արդյունավետ գործիքներ են։ Ավելին, երբ մարդիկ ֆինանսական նամակի կամ բնապահպանական բովանդակությամբ նամակի հետ միաժամանակ ստանում են բազմակի օգտագործման տոպրակ, շատ ավելի հակված են վարքագիծը փոխելու, քան, երբ նրանք ստանում են միայն այդ նամակներից մեկը։ Հետաքրքիր է, որ ֆինանսական բոնուսի մասին նամակն ավելի արդյունավետ է քան բնապահպանական բովանդակությամբ նամակը՝ անկախ նրանից, թե բազմակի օգտագործման տոպրակ տրամադրվում է թե ոչ։
Փորձարկումը ֆինանսավորվել է Հայաստանում «Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների» ծրագրի կողմից։
Խթանելով ԳՏՃՄ մասնագիտությունների ընտրությունը ուսուցողական տեսանյութերի և թռուցիկների միջոցով (Կրթությունից աշխատանք ծրագրի շրջանակում)
«Կրթությունից աշխատանք» ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիայի «Վարքաբանական փորձարկումների թիմի» (Behavioral Insights Team) հետ համատեղ մշակել ու իրականացրել ենք վարքաբանական միջամտություն՝ նպատակ ունենալով պարզել, թե որոնք են կարիերայի ընտրության հարցում տեղեկացված որոշումներ կայացնելուն աջակցող քաղաքականության ամենաարդյունավետ միջոցները։
Վարքաբանական միջամտության թիրախում միջին դպրոցի աշակերտերն էին, ովքեր տեղափոխվում են ավագ դպրոց։ Edu2work հարթակի տվյալների վերլուծության և աշխատաշուկայի հետազոտության հիման վրա մշակվեցին մի քանի խթան/նաջ աշակերտների և նրանց ընտանիքների համար, որոնք նրանց կօգնեին որոշումների կայացման հարցում՝ ուղղորդելով դեպի ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կարիերայի ընտրություն։
Միջամտության ընթացքում աշակերտները դիտել են Հայաստանի ԳՏՃՄ ոլորտի երիտասարդ մասնագետների մասնակցությամբ տեսանյութ և դրանից հետո պատասխանել են ապագա կարիերայի վերաբերյալ մի քանի հարցի։ Զուգահեռաբար, աշակերտներրի ծնողները ստացել են նամակ ԿԳՄՍ նախարարությունից՝ որը հորդորում էր նրանց ընտրել ԳՏՃՄ հոսքն ավագ դպրոցում, ինչպես նաև ԳՏՃՄ թռուցիկ, որը բացատրում էր ԳՏՃՄ մասնագիտություններ ընտրելու օգուտները։
Միջամտության արդյունքները կամփոփվեն 2021 թ. աշնանը։ ԳՏՃՄ կարիերայի ընտրության վրա ամենամեծ ազդեցություն ունեցած մեթոդը կամփոփվի քաղաքականություն մշակողների համար նախատեսված առաջարկներում։
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրն իրականացվում է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։
Travelinsights.ai
Հայաստան այցելող զբոսաշրջիկները մեր ոգեշնչման աղբյուրն են: Յուրաքանչյուր զբոսաշրջիկի առցանց գրառումը՝ լինի դա օրվա բացահայտման կամ այցի լավագույն տպավորությունների մասին, կարևոր է մեզ համար։ Դրանց օգնությամբ կարողանում ենք լավագույն պայմաններն ու ծառայությունները ստեղծել Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար։
Չնայած իր հին պատմությանը` Հայաստանը համեմատաբար նոր դերակատար է համաշխարհային զբոսաշրջության ոլորտում, դե իսկ կատարելագործվելու կարիք միշտ էլ կա։ Ո՞վ, եթե ոչ զբոսաշրջիկը, կարող է մեզ պատմել, թե ինչպես անցավ իր այցը և ինչը կարելի է բարելավել մյուս այցելուների համար։
Travelinsights.ai-ը Հայաստանում զբոսաշրջության ոլորտում արհեստական բանականությամբ աշխատող տվյալների վերլուծության իր տեսակի մեջ առաջին գործիքն է։ Միավորելով զբոսաշրջիկների պատմություններն ու արհեստական բանականությունը՝ Travelinsights -ը հնարավորություն է ընձեռում իրական ժամանակում հավաքել, վերլուծել ու վիզուալիզացնել Tripadvisor.com, Facebook.com և Booking.com հարթակներում Հայաստանի վերաբերյալ զբոսաշրջիկների գրառումներն ու գնահատականները՝ զբոսաշրջիկների նախապատվությունները բացահայտելու և իրական խնդիրները վերհանելու համար։
Հարթակը քաղաքականություն մշակողներին, բիզնեսներին ու զբոսաշրջիկներին թույլ է տալիս Հայաստանի վերաբերյալ գրառումների վերլուծությունը տեսնել ըստ զբոսաշրջիկների ծագման երկրի և Հայաստանի մարզերի ու կոնկրետ տեղանքների։
Մինչ օրս հարթակը վերլուծել է 175,000 գրառում ու գնահատական, որի հիման վրա մշակվել է ավելի քան 500,000 բացասական և դրական արձագանք։
Հարթակը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Նորարարական լուծումներ՝ Հայաստանում ԿԶՆ իրականացման համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում։
Edu2work
Edu2Work հարթակը ստեղծվել է ի պատասխան արագ փոփոխվող աշխատաշուկայի և Հայաստանում աշխատուժի պահանջարկի ու առաջարկի շարունակական անհամապատասխանության։
Հարթակը վերլուծում է աշխատանքի հազարավոր հայտարարություններ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ հայկական աշխատաշուկան և ավելի տեղեկացված որոշումներ կայացնել կարիերայի վերաբերյալ։ Հարթակն օգտագործում է նորարար տեխնոլոգիաներ` սկսած աշխատանքի առցանց հայտարարությունների ավտոմատացված հավաքագրումից մինչև մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներով վերլուծություն՝ աշխատաշուկայի ամբողջական պատկերը ցուցադրելու համար։
Edu2work հարթակը «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի բաղադրիչներից մեկն է։ Ծրագիրը ստեղծվել է Հայաստանում աշխատուժի պահանջարկի և առաջարկի մշտական անհամապատասխանությանն ի պատասխան։ Ծրագրի հեռահար նպատակը երիտասարդների շրջանում գործազրկության հաղթահարումն է` նրանց օգնելով ավելի տեղեկացված որոշումներ կայացնել և պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն։ Ծրագիրը ՀՀ փոխվարչապետի գրասենյակի «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության մասն է։
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում համագործակցություն է հաստատվել միջազգային առաջատար թիմերի հետ, ներառյալ՝ աշխատաշուկայի տվյալները վերլուծող աշխարհի առաջատար «Burning Glass Technologies»-ի հետ։
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրն իրականացվում է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։
AI4Mulberry
Մեր կենտրոնն օգնում է կառավարությանն արագ ադապտացվել տեխնոլոգիապես փոփոխվող աշխարհին։ AI4Mulberry նախագիծը մշակվել է ի պատասխան կառավարական ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման, հատկապես՝ քաղաքացիների նամակները մշակելիս։
Կառավարությանն ուղղված մի շարք նամակներ (բողոքներ, դիմումներ և առաջարկներ) այդքան էլ արդյունավետորեն չեն շրջանառվում կառավարության ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի՝ «Mulberry»-ի ներսում։ Սա իր հերթին նվազեցնում է օպերացիոնալ կատարողականն ու արդյունավետությունը։
AI4Mulberry նախագիծը նպատակ ունի բարելավել քաղաքացիների և կառավարության միջև հաղորդակցությունն ու օպտիմալացնել նամակների հոսքն ու մարդկային ռեսուրսների կառավարումը «Mulberry» համակարգում։
Նախագծի շրջանակում մեր կենտրոնը սկսել է նոր համագործակցություն Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի համալսարանի ներսում գործող DeepPavlov նախագծի հեղինակների՝ «Նեյրոնային ցանցեր և խորը ուսուցում» թիմի հետ։
DeepPavlov-ի թիմի կողմից ստեղծած մի շարք ռեսուրսների հիման վրա մշակել ենք ԱԲ հիմքով աշխատող ալգորիթմ, որն իրական ժամանակում կարողանում է դասակարգել ու պիտակավորել կառավարությանն ուղղված նամակները (բողոքներ, դիմումներ և առաջարկներ) ըստ համապատասխան նախարությունների։ Սա նպաստել է գործառնական կատարողականի, ինչպես նաև՝ նախարարություններում փաստաթղթաշրջանառությամբ զբաղվող բաժիններում պրոդուկտիվության աճին ու ժամանակի խնայողությանը ։
ԱԲ ալգորիթմը մշակելուն զուգահեռ՝ դիզայն մտածելակերպի մեր թիմն աշխատել է այնպիսի մոտեցումների ստեղծման վրա, որոնք թույլ են տալիս Mulberry համակարգի օգտատերերի և Mulberry համակարգը կառավարող VxSoft ընկերության միջև արդյունավետ հաղորդակցության մոդելներ ստեղծել։
AI4Mulberry նախագիծը փորձարկվել է Առողջապահության և ԿԳՄՍ նախարարություններում և ՀՀ վարչապետի գրասենյակում՝ այլ հանրային ինստիտուտներում գործարկվելու հետագա հնարավորությամբ։
Նախագիծն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Նորարարական լուծումներ՝ Հայաստանում ԿԶՆ իրականացման համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում։
ԿԶՆ Մոնիթոր
ԿԶՆ մոնիթորը արհեստական բանականությամբ աշխատող, մարդակենտրոն և ինտերակտիվ առցանց հարթակ է, որն իրական ժամանակում հավաքագրում ու վերլուծում է տվյալները՝ Հայաստանի կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու առաջընթացը մշտադիտարկելու համար։
ԿԶՆ մոնիթորի թեստային տարբերակը վերլուծում և մշտադիտարկում է ԿԶՆ և ցուցանիշներին հասնելու առաջընթացը։ Ներկայումս հարթակը կենտրոնանում է ԿԶՆ 16-ի՝ որպես ուժեղ և ներառական ինստիտուտներն և հաշվետու կառավարական համակարգերը համախմբող ԿԶՆ-ի, այնպիսի տվյալների հավաքագրման վրա, որոնք առնչվում են օրենքի գերակայությանը և արդարադատության հասանելիությանը։
ԿԶՆ մոնիթորը Հայաստանում ԿԶՆ-երի իրականացման առաջընթացը մշտադիտարկելու համար առաջարկում է նորարարական մոտեցում և տվյալները հավաքագրում ավանդական ու ոչ ավանդական աղբյուրներից։ Տվյալները հավաքագրվում են Հայաստանի 8-ից ավել հանրային ինստիտուտներից և փոխլրացվում սոցիալական մեդիայից (Facebook) և Կառավարության պաշտոնական կայքերից (E-Draft) ստացած տվյալներով։
ԿԶՆ 17-ի կամ «Գործընկերություններ հանուն նպատակների» տրամաբանությամբ հավատում ենք միջոլորտային համագործակցությանը, ինչը ճանապարհ է հարթում նոր լուծումների ստեղծման և գիտելիքների փոխանակման համար՝ հանուն կայուն զարգացման։ Դա հաշվի առնելով՝ ԿԶՆ մոնիթորը ստեղծելու ընթացքում աշխատել ենք ՄԱԶԾ Օսլոյի կառավարման կենտրոնի հետ՝ ԿԶՆ 16 մշտադիտարկման նրանց փորձն ուսումնասիրելու համար։ Ամբողջ երկրի տվյալները արդյունավետ կերպով հավաքագրելու և ԿԶՆ 16-ի առաջընթացը չափելու համար մեր ուժերը միավորել ենք նաև «Global Data Barometer»-ի հետ՝ որպես այդ կառույցի ազգային ներկայացուցիչ Հայաստանում։
«ԿԶՆ մոնիթոր» հարթակը ստեղծվել է Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի կողմից ՄԱԶԾ «Օրենքի գերակայությունը և ԿԶՆ-երը Հայաստանի բարեփոխման օրակարգում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Նորարարական լուծումներ Հայաստանում՝ ԿԶՆ իրականացման համար» նախագծի շրջանակում։ Նախագիծը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ։
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագիրը
«ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագիրը» հետազոտությունն ուսումնասիրում է ու քարտեզագրում ԵՄ հետ մերձեցման և ԿԶՆ-երի իրականացման համար Հայաստանի և Վրաստանի բարեփոխումների առաջնահերթությունները:
Հայաստանն ու Վրաստանը խիստ հանձնառու են ԵՄ հետ սերտ կապերին և համագործակցում են Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակում:
Վերջերս, համագործակցության ավելի ընդլայնված համաձայնություններ են ձևավորվել.
-
ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագիր (2014 թ.)
-
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (2017 թ.)
Երկու երկրներն էլ «Կայուն զարգացման 2030թ. օրակարգի» հանձնառուներ են` ներառյալ կայուն զարգացման նպատակների: Չնայած ԿԶՆ-երը բացահայտ նշված չեն վերոնշյալ համաձայնագրերում, դրանց մի շարք դրույթներ համապատասխանում են կայուն զարգացման երեք չափումներին` տնտեսական, սոցիալական և բնապահպանական:
Այս կապերն ավելի լավ հասկանալու համար՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն ու Հայաստանի ԿԶՆ նորարարական կենտրոնը քարտեզագրեցին ԵՄ մերձեցման հանձնառությունները համաշխարհային ԿԶՆ թիրախների հետ:
Այս հետազոտության նպատակն էր քաղաքականություն մշակողներին և միջազգային զարգացման գործընկերներին տրամադրել ընդհանուր շրջանակ, որը թույլ կտա կայուն զարգացման առաջընթացը գնահատելու ժամանակ համեմատականներ անցկացնել:
Այս հետազոտությունը իրականացվել է Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության և ՄԱԶԾ Օրենքի գերակայության և մարդու իրավունքների համաշխարհային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Մատչելի և մաքուր էներգիայի կիրառման խթանումը Հայաստանի գյուղերում
Նախագծի նորարարական մոտեցումը «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» (ՀՎԷԷ) հիմնադրամի կողմից հանրային շենքերի էներգաարդյունավետության ծրագրում փորձարկված ֆինանսավորման շրջանառվող մեխանիզմն է: Այս մեխանիզմի միջոցով տնային տնտեսություններին տրամադրվում է տարեկան 8% տոկոսադրույքով վարկ` մինչև 8 տարվա մարման ժամկետով, իսկ մարումներն օգտագործվում են նոր շահառու տնային տնտեսությունների կարիքները բավարարելու համար:
Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում ստացվել է 427 դիմում, որոնցից 418-ը եղել է արևային ջրի տաքացուցիչներ և 9-ը` ֆոտովոլտային արևային վահանակների համար (33.03 կՎտ-ին համարժեք ընդհանուր հզորությամբ): Արդյունքում, 379 ընտանիք տեղադրել է արևային ջրի տաքացուցիչներ` 11 փոքր ֆոտովոլտային արևային վահանակների տեղադրմամբ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղադրումների շնորհիվ տարեկան գեներացնել 1,223,200 կՎտ «կանաչ էներգիա»` նվազեցնելով ածխաթթվի արտանետումները 535.7 տոննայի չափով:
Այս ծրագիրն ունի 192 շահառու ընտանիք: Հետաքրքիր է, որ R2E2 հիմնադրամի կողմից ծրագրի ընթացքի մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ այդ ընտանիքներից 30%-ը կանանց գլխավորությամբ տնային տնտեսություններ են:
Այս ամենին զուգահեռ, Հայաստանի ԿԶՆ նորարարական կենտրոնը իրականացրել է որակական հետազոտություն` հասկանալու ֆոտովոլտային արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ տեղադրելու մարդկանց դրդապատճառները: Ստացված արդյունքերի հիման վրա քաղաքականություն մշակողների համար առաջարկներ են արվել` հետագայում ևս արևային էներգիայի կիրառումը մարզերում, հատկապես՝ Հայաստանի չգազավորված համայնքներում, խթանելու համար:
Նախագիծն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Նորարարական լուծումներ՝ Հայաստանում ԿԶՆ իրականացման համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում։
AgriTech աքսելերատոր
Ծրագիրը մշակվել է Հայաստանի և աշխարհի գյուղատնտեսական խնդիրների համար լուծումներ առաջարկող գիտական և տեխնոլոգիական ստարտափերին և սկսնակ ձեռներեցներին աջակցելու համար: AIM ANAU AgriTech Accelerator ծրագիրը ANAU AgTech ինկուբատորի շարունակությունն է, որը մեկնարկեց 2019թ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանում և նախատեսում էր 10 շաբաթյա մինչինկուբացիոն դասընթացներ 44 մասնակցի համար։
AgriTech աքսելերացիոն ծրագիրը նպատակ ունի գործող ստարտափերի ստեղծման կամ ընդլայնման համար տրամադրել անհրաժեշտ գիտելիքները, փորձը, սոցիալական կապերն ու ֆինանսավորումը: Այս ծրագրի հիմնական բաղադրիչը ստարտափային ցանցը մեծացնելն է, որն էլ իր հերթին կնպաստի առանձին ստարտափերի աճին:
Ստարտափերի առջև դրված խնդիրներն են`
-
փաստահենք գյուղատնտեսություն
-
կառավարման առցանց համակարգեր և էլեկտրոնային առևտուր
-
սննդի արտադրության արժեհամակարգի արդյունավետության բարձրացում` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ
- լուծումներ, որոնք նաև թիրախավորում են ԿՈՎԻԴ-19 պատճառով առաջացած կարճաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերները
Աքսելերատորն ամփոփվեց 2020թ. հոկտեմբերին՝ Demo Day-ի ժամանակ։ Աքսելերացիոն ծրագրի հաղթողներն են՝
- SmarTerev 5000 €
- FoodHub 5000 €
- Agrosko 3000 $
- Green Land 3000 $
Ծրագիրը մեկնարկել է ՄԱԶԾ ImpactAIM վենչուրային աքսելերատորի կողմից և իրականացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՖԱՍԹ հիմնադրամի, ICARE հիմնադրամի, «Nation in Action» նախաձեռնության կողմից` Հայաստանի ԿԶՆ նորարարական կենտրոնի և ADB Ventures-ի աջակցությամբ:
Accelerator #5
Accelerator #5 ծրագրի հիմնական առաքելությունն է Հայաստանում ապրող կանանց ու երեխաների համար տեխնոլոգիական աշխարհում առաջին քայլերը կատարելու համար հնարավորություններ ստեղծելը` մատուցելով տեխնոլոգիական ու բիզնես դասընթացներ, ինչպես նաև՝ օգնելով նրանց հանդես գալ սեփական ստարտափ նախագծերով: Ծրագիրը հարմարեցված է երեխաների և կանանց կարիքներին, ովքեր ունեն ոլորտային սահմանափակ կամ զրո գիտելիք: Մինչ օրս իրականացվել է Աքսելերատոր #5-ի երեք աքսելերացիոն ծրագիր:
UNDP ImpactAim Accelerator #5 թիրախավորում է ԿԶՆ 5-ը, որը կոչ է անում հասնել գենդերային հավասարության և զորացնել կանանց ու երեխաներին, քանի որ նրանք ծրագրի ընթացքում ստացած գիտելիքների շնորհիվ ունեն մեծ ներուժ ողջ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների մասնիկը դառնալու։
Մասնակիցներն ավարտել են ծրագիրը հիմնարար գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են սեփական ստարտափը սկսելու կամ գործող ստարտափին միանալու համար: Լավագույն ստարտափ գաղափարները մասնակցել են նաև ImpactAIm աքսելերացիոն ծրագրին, որտեղ հատուկ մշակված դասընթացների և մենթորության միջոցով հնարավորություն են ստացել իրենց բիզնեսը զարգացնել նաև հետագայում: Մի շարք ուսանողներ նաև հնարավորություն են ստացել դառնալ դասընթացավար: Ծրագիրն ամբողջությամբ անվճար է։