Պաշտոնապես գործարկվել են BarevBalik.am առցանց հարթակը և նույնանուն բջջային հավելվածը, որոնք ուղղված են ապագա մայրերի և երեխայի զարգացման առաջին տարիների ընթացքում ծնողների աջակցմանը: Հավաստի տեղեկատվություն պարունակող հայկական առաջին փաստահենք առցանց հարթակն ու բջջային հավելվածը մշակվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի, ՀՀ առողջապահության նախարարության և Վիվա-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով։ Երկու տարվա ընթացքում, նախագծի մշակման համար,Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է ԱՄՆ 100,000 դոլարին համարժեք դրամ:
«BarevBalik.am» ծրագրի առաքելությունը, առավելություններն ու առանձնահատկությունները ներկայացվել են BarevBalik.am հարթակի և բջջային հավելվածի պաշտոնական գործարկման ընթացքում՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԶԾ, ինչպես նաև նախագծի մասնակից՝ բջջային կապի Հայաստանյան երեք օպերատորներների՝ Վիվա-ՄՏՍ, Ucom և Team Telecom Armenia ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
BarevBalik.am-ի թիրախը երեխայի ծնունդ պլանավորող զույգերն են, հղիները, անպտղության խնդիրներ ունեցող մարդիկ և մինչև վեց տարեկան երեխաների ծնողները:
Համատեղ նախագիծը նպատակ ունի թվային գործիքների միջոցով առողջապահական տեղեկատվությունն ու ծառայություններն առավել հասանելի դարձնել հասցեատերերին։ Հարթակն ապահովում է անձնական տվյալների պաշտպանությունը՝ ինտեգրելով թվային ստորագրության մոբայլ համակարգը՝ մոբայլ ID տեխնոլոգիան, որպես կայքում կամ հավելվածում օգտատիրոջ նույնականացման միջոց։
Միջոցառման ընթացքում Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին ողջունել է հյուրերին և կարևորել ՄԱԶԾ-ի և ՀՀ առողջապահության նախարարության միջև համագործակցության լայն շրջանակը՝ ներառյալ հանրային առողջապահական ենթակառուցվածքի զարգացումը, հիվանդությունների կանխարգելման ոլորտում ներդրումներն ու ճգնաժամային կարողությունների հզորացումը։
BarevBalik.am-ը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ԿԶՆ նորարարական կենտրոնի և ՀՀ առողջապահության նախարարության ու Վիվա-ՄՏՍ-ի՝ դոնոր կազմակերպության, միջև շատ արժեքավոր համագործակցության արդյունքն է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր գործընկերներին՝ Հայաստանի առողջապահության ոլորտում փաստահենք ու մարդակենտրոն մոտեցումները ներառելու հնարավորությանը բաց և պատրաստակամ լինելու համար»,- նշեց Կոնստանտին Սոկուլսկին։
BarevBalik.am հարթակը «Բարև, բալիկ» ծրագրի մասն է: Այն մշակվել է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում առկա խնդիրների՝ ներառյալ մայրական և մանկական մահացության ներկայիս ցուցանիշի, նախածննդյան ու հետծննդյան բարդացումների և անպտղության աճող դեպքերի վիճակագրությունից ելնելով։
Հյուրերին ողջունել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը․ «Ուրախ եմ, որ նախագիծն իրականություն դարձավ մեր, ՄԱԶԾ ԿԶՆ նորարական կենտրոնի և Վիվա-ՄՏՍ-ի համատեղ ջանքերի արդյունքում։ Շատ կարևոր է, որ վերջապես հնարավորություն ունենք նախկին հատվածային լուծումների փոխարեն մեկ հարթակում տրամադրել ներկա ու ապագա ծնողներին անհրաժեշտ ճշգրիտ և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված տեղեկատվությունը։ Սա ձեռքբերում է, թե՛ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի արդիականացման գործընթքացի խթանման և թե՛ երկրի առջև դրված ռազմավարական նշանակության թիրախներին հասնելու տեսանկյունից։»
Համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է այնպիսի հարթակ որը ներկա և ապագա ծնողներին կտրամադրի հայերեն լեզվով առողջապահական տեղեկատվություն և հասանելի կդարձնի թվային, ժամանակակից մի շարք գործիքներ՝ հղիության նախածննդյան ու հետծննդյան փուլերում ուղղորդելու և տեղեկացված որոշումներ կայացնելու համար։
«Համատեղ այս նախագիծը թվային տեխնոլոգիաների ու հանրային առողջության ամրապնդմանն ուղղված ջանքերի մեկտեղման արդյունք է: Հանրային ու կորպորատիվ հատվածների երկարաժամկետ արդյունավետ գործակցությունն ունի մեծ ներուժ՝ կյանքի որակի շարունակական բարելավմանը նպաստելու համար: Թվային վերափոխումն անխուսափելիորեն առաջ է բերում դրական փոփոխություններ՝ հասարակական կյանքի գրեթե բոլոր, և մասնավորապես հանրային առողջության ոլորտում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի ներքին վերահսկողության և աուդիտի վարչության պետ Կիմ Ավանեսյանը:
Միջոցառման ընթացքում ԿԶՆ նորարարական կենտրոնի «Բարև, բալիկ» ծրագրի ղեկավար Նայիրի Շորճեանը ներկայացրել է հարթակի և բջջային հավելվածի ընձեռած հնարավորություններն ու ծրագրի ձեռքբերումները։
Հարթակը տրամադրում է թվայնացված անհատական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ երեխաների պատվաստման անհատական թվային ժամանակացույց և առողջապահական փաստահենք տեղեկատվություն՝ առողջական վիճակի, հիվանդության կանխարգելման ու բուժման համար։
Հարթակի՝ վերարտադրողական առողջության, հղիության և երեխաների առողջության ու զարգացման համար նախատեսված այլ հնարավորություններից են.
- Համապատասխանության ստուգում՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար
- Բժշկական ծառայություններ Ձեր մոտակայքում
- Երեխայի աճի պատմություն
- Քնի և կրծքով կերակրելու հաշվիչ
- Ծննդաբերական կծկումների հաշվիչ
- Դաշտանային ցիկլի հաշվիչ
- Երեխաների առողջ զարգացման ու խնամքի տեղեկատվություն
BarevBalik.am հարթակը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով App Store-ում և Google Play-ում։
Հարթակը երաշխավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։