ԿԶՆ նորարարական կենտրոնի հանրային քաղաքականության թիմի ղեկավար Էլեն Սահրադյանը մասնակցեց «Խթանելով ՔՈՎԻԴ19-ից հետո ԿԶՆ-երի իրականացման առաջընթացը» խորագրով պանելային քննարկմանը։
Պանելային քննարկմանը մասնակցում էին կովկասյան տարածաշրջանի կառավարությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ովքեր կիսվում էին ԿԶՆ-երի տեղայնացման և ինստիտուցիոնալացման իրենց փորձով ու մատնանշում մասնակցային մոտեցման կարևորության մասին։ Քննարկումը վարում էր Վրաստանի «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» ՔՀԿ-ն։ Քննարկման մասնակիցները խոսեցին ազգային մակարդակում ԿԶՆ-երի իրականացման գործընթացի վրա ՔՈՎԻԴ19 համաճարակի ազդեցության մասին և թե ինչպես կարող են մեկը մյուսի փորձից սովորել։
Քննարկման ընթացքում Էլեն Սահրադյանը կիսվեց ԿԶՆ-երի ազգայնացման և ինստիտուցիոնալացման մեր կենտրոնի փորձով՝ «ԿԶՆ Մոնիթոր» հարթակի փորձով։ Հարթակը ձևավորվել է ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության համագործակցության արդյունքում՝ նպատակ ունենալով մեծ տվյալների աղբյուրները օգտագործելով ԿԶՆ-երի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել իրական ժամանակում։ «ԿԶՆ մոնիթոր» հարթակը շուտով կներառի ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ հատված, որը ցույց կտա ԿԶՆ-երի առաջընթացը մինչև համաճարակն ու դրանից հետո։
Այստեղ կարող եք դիտել պանելային քննարկումը։
Այս քննարկումը ԱԶԲ-ի 54-րդ տարեկան հանդիպման Քաղաքացիական հասարակություն ծրագրի մասն է։
«ԿԶՆ մոնիթոր» հարթակը ստեղծվել է Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի կողմից ՄԱԶԾ «Օրենքի գերակայությունը և ԿԶՆ-երը Հայաստանի բարեփոխման օրակարգում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ իրականացման համար» նախագծի շրջանակում։ Նախագիծը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ։