Երեվան, նոյեմբերի 25, 2022- Այսօր տեղի ունեցավ «Նորարարությունը՝ գործնականում. մարդիկ՝ կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության ֆորումը ՝ կազմակերպված ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ԿԶՆ նորարարական կենտրոնի՝ ՄԱԿ-ի և Հայաստանի կառավարության համատեղ նախաձեռնության կողմից։ Ֆորումի նպատակն էր գնահատել հանրային ոլորտում նորարարների ջանքերն ու ձեռքբերումները, քննարկել ոլորտի հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումներն ու նախաձեռնել փոփոխություններ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջույնի խոսքով դիմեցին ներկաներին՝ ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի, կրթական հաստատությունների և ՀԿ-ների ներկայացուցիչների ու հանրաին ոլորտի նորարարների։
Աշխարհը սրընթաց առաջ է շարժվում և փոփոխվում է աննախադեպ արագությամբ, սակայն հանրային քաղաքականությունը և ծառայությունները բախվում են խոչընդոտների բյուրոկրատական համակարգում առկա կարծրացած գործելաոճերի պատճառով։ Սա մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար։ Այս խնդիրը հաղթահարելու ճանապարհներից մեկը հանրային ծառայողների մտածելակերպի փոփոխությունը և ստանդարտ մոտեցումների վերանայումն է՝ առօրյա աշխատանքում հարատև կրթության, նորարարական տեխնոլոգիաների, մոտեցումների և գործելակերպի ինտեգրմամբ։
ՄԱԶԾ-ի ԿԶՆ նորարարական կենտրոնը մուտք գործեց հանրային ոլորտ հինգ տարի առաջ՝ ոլորտի նորարարությունն առաջնորդելու առաքելությամբ: Ֆորումը նաև նվիրված էր ՄԱԶԾ-ի ԿԶՆ նորարարական կենտրոնի 5-ամյակին, կենտրոն, որը վերածվել է լիարժեք ինովացիոն հաստատության, որը գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածում է գիտելիքի և փաստերի, որպեսզի Կառավարությունը հետ չմնա արագ փոփոխվող աշխարհից և ընթացիկ հրատապ խնդիրներից։
«Այսօր մենք նշում ենք այս գործընկերության հինգ տարին, որի արդյունքում կերտվել է նորարարական ծրագրեր իրականացնելու տպավորիչ փորձառություն։ Այն նշանավորվել է բազմաթիվ պետական գործընկերների, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակությամբ, և ամենակարևորը, հանգեցրել է զարգացող երկրի միջավայրում նորարարության կիրառման արդյունքում ստացված ուսումնառության ու գիտելիքի զարգացմանը։ Այս ամենը Հայաստանում հնարավոր է դարձել միայն Կառավարության գործընկերների հետևողական աջակցության շնորհիվ։ Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում դոնոր կազմակերպություններին, որոնք վստահել են մեզ՝ ֆինանսական միջոցներն ուղղորդելով հանրային քաղաքականության նորարարություններին՝ փորձարկելու ավելի ճկուն ու նորարար մոտեցումներ» նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր ողջույնի խոսքում՝ շնորհակալություն հայտնելով կառավարության գործընկերներին և դոնոր համայնքին։
Անհստակության մեջ կողմնորոշվելու և անորոշության պայմաններում զարգանալու համար կարևոր է վերաիմաստավորել նորարարական էկոհամակարգը՝ կամրջելով տարբեր ոլորտներ՝ ներառյալ պետական և մասնավոր հատվածները, և մեծացնելով նոր համակարգեր ստեղծելու կոլեկտիվ կարողությունները բարդ խնդիրներին արձագանքելու համար:
«Դեռևս տարեսկզբին ՀՀ ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ դրեց Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որի առանցքում մարդկային կապիտալի զարգացումն ու իրացումն է գիտելիքի ու ստեղծարարության խթանման միջոցով։ Այս ուղենշումը պատահական չէ․ տարիների ընթացքում նախարարության կողմից իրականացված ծրագրերի և միջամտությունների արդյունքում մեր հենման կետը հենց անհատի կարողությունն ու նրա զարգացումն է՝ շարունակական կրթության միջոցով։ Այս ճանապարհին նորարարությունը բովանդակային առաջընթացի և ապագայի մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն նախապայմանն է», նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ «2021-2025 թվականների թվայնացման ռազմավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջատար դերը թվային փոխակերպման գործում՝ նպատակ ունենալով խթանել տվյալահենք, արդյունավետ և թափանցիկ կառավարումը։ Նորարարությունն այլընտրանք չունի, և բոլոր ոլորտներում դրա տարածումն այսօրվա հրամայականն է: Դա դժվար ճանապարհ է, որը պահանջում է մարդակենտրոն, փաստահեն և ճկուն քաղաքականություններ և մասնավոր ու պետական հատվածների սերտ համագործակցություն: Եվ հենց այստեղ է, որ նորարարական փորձառության նկատմամբ նման եռանդ ունեցող մասնագետները՝ այսօր այս սենյակում բոլոր հավաքվածները, պետք է մտնեն խաղի մեջ: Կարևոր է, որ մենք՝ նորարարների ցանցի առանցքը, առաջնորդենք գործընթացը և պատասխանատվություն կրենք նորարարության տարածման համար»:
ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինը հանդես եկավ ելույթով` ընդգծելով նորարարական քաղաքականության և քաղաքականության նորարարության կարևորությունը կառավարությունների համար և թե ինչպես կարող են երկուսն էլ ինտեգրվել՝ բարդ համակարգերը արդյունավետ կառավարելու և փոխակերպող ազդեցության հասնելու համար:
Բացի այդ, նա նշեց, թե ինչպես «ԿԶՆ նորարարական կենտրոնի մոդելը ոգեշնչել է կայուն զարգացման մարտահրավերների հետ աշխատող աշխարհի ամենամեծ և ամենաարագ ցանցին՝ ՄԱԶԾ աքսելերատոր կենտրոններին, ինչպես նաև հիմք է դրել Հայաստանի հանրային կառավարման ոլորտում նորարարությունների տարածմանը՝ ունենալով հավակնոտ նպատակ կառուցել լայնախոհ և ստեղծագործ հանրային ծառայողների համայնք, որը փոխակերպում է որոշումների կայացման գործընթացը պետական հատվածում»:
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ԿԶՆ նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանն անդրադարձավ կենտրոնի անցած ճանապարհին և ընդգծեց նորարարների ցանցի ստեղծման և ընդլայնման կարևորությունը՝ բացահայտելու նորարարության ողջ ներուժը հանուն հանրային բարօրության:
Ֆորումին միացավ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային ոլորտի նորարարությունների թիմի ղեկավար Մարկո Դալիոն՝ ընդգծելու նորարարության ինստիտուցիոնալացման կարևորությունը և ՏՀԶԿ-ի պատրաստակամությունը՝ առանցքային դեր խաղալու Հայաստանի հանրային համակարգերում նորարարության ներդրման ջանքերում և կիսվեց այլ երկրների փորձով կայուն նորարարության միջավայրի զարգացման վերաբերյալ:
Հանրային ոլորտի նորարարության միտումների և մարտահրավերների թեման ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով տեղի ունեցավ պանելային քննարկում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի և ՄԱԶԾ նորարարության և ԿԶՆ ֆինանսների պորտֆելի ղեկավար Տաթևիկ Քոլոյանի մասնակցությամբ:
Միջոցառումն առաջինն էր հանրային ոլորտի նորարարությունը նշանավորող և տարածող միջոցառումների շարքում։ Այն կնախապատրաստի նորարարական էկոհամակարգը Հանրային ոլորտի նորարարությունների կայանալիք փառատոնի համար։